By Asbarez | Tuesday, 26 November 2019
ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆ
Վերջին շրջանում անհիմն, շանտաժային (սպառնողական-Խմբ.) որակումների «ջերմ» մթնոլորտում երբեմն առկայծում են կրթութեան հիմնահարցերին վերաբերող որոշ գնահատումներ, եւ անընդհատ փորձ է կատարւում իմ՝ կրթութեան եւ գիտութեան նախարար պաշտօնավարելու տարիների վերաբերեալ վարկաբեկիչ, պիտակաւորող «արժեւորումների» գործելաոճ կիրառել: Ըստ այդմ՝ հարկ եմ համարում ներկայացնել իմ պաշտօնավարման տարիների ընթացքում արձանագրուած արդիւնքների մի մասը:
Պաշտօնավարման տարիներ՝ 1998թ. Ապրիլ-1999թ. Յունիս
Պաշտօնը ստանձնել եմ խիստ բարդ իրավիճակում: Խորհրդային կրթական համակարգի փլուզումից յետոյ թերֆինանսաւորման, արժեհամակարգերի փոփոխութեան պայմաններում իմ նախորդներին թէեւ յաջողուել էր փրկել կրթական ինստիտուցիոնալ (համակարգային-Խմբ.) կառոյցները կազմաքանդումից, բայց կուտակուած էին մնում հսկայական հիմնախնդիրներ: Մասնաւորապէս՝
-կրթութեան ոլորտը չունէր կարգաւորող օրէնսդրութիւն, բացակայում էր կրթութեան մասին մայր օրէնքը.
-չէր ձեւաւորուել անկախ պետականութեանը յարիր հանրակրթական համակարգը: Դպրոցներում չկային դասագրքեր (իւրաքանչիւր դասարանում յաճախ կարելի էր գտնել տուեալ առարկայից երկու-երեք հնամաշ դասագիրք): Ուսուցիչները ստանում էին աներեւակայելի ցածր աշխատավարձ: Դպրոցներից հեռացել էր տղամարդ ուսուցիչների մի ստուար զանգուած:
-բուհական եւ գիտութեան համակարգերը գտնւում էին խիստ ծանր նիւթատեխնիկական վիճակում:
Իրավիճակը հաշուի առնելով՝ դեռեւս նախորդ նախարարի ժամանակ բանակցութիւններ էին սկսուել Համաշխարհային բանկի հետ՝ կրթական բարեփոխումներին ուղղուած վարկային ծրագիր ձեւաւորելու համար:
Մէկ տարի երկու ամիս լարուած աշխատանքի շնորհիւ կարողացանք՝
-համատեղ կոնսենսուսային (համախոհական-Խմբ.) աշխատանքով ընդունել ՀՀ կրթութեան օրէնքը, որը գործում է առ այսօր,
-Համաշխարհային բանկի հետ ստորագրուած վարկային արտօնեալ համաձայնագրով սկսուեց ազգային կրթահամակարգի ձեւաւորումը:
Փոխուեց դպրոցների կառավարման համակարգը, դրանք դարձան ինքնուրոյն իրաւաբանական անձ, մշակուեց դպրոցների՝ խորհուրդներով կառավարման մոդելը, սկսուեց ըստ աշակերտի ֆինանսաւորումը եւ դպրոցների ինքնավարութեան ֆինանսական բաղադրիչի արմատաւորման ծրագիրը.
-խնդիր դրուեց իւրաքանչիւր տարի բարձրացնել երկրի ՀՆԱում կրթութեան տեսակարար կշիռը (2008ին՝ 2 տոկոսից այն հասաւ 3.1 տոկոսի).
-մշակուեցին հանրակրթական առարկայական չափորոշիչները եւ դպրոցական համակարգը սկսեց ապահովուել անհրաժեշտ դասագրքերով:
-Վարկային միջոցների վերադարձելիութիւնն ապահովելու համար ձեւաւորուեց դասագրքերի շրջանառու հիմնադրամը, որի շնորհիւ կարճ ժամանակում իւրաքանչիւր դպրոց կարողացաւ ձեւաւորել սեփական դասագրքային ֆոնդը: Ծրագիրն օրինակելի համարուեց Համաշխարհային բանկի կողմից եւ ներդրուեց բազմաթիւ երկրներում.
-ձեւաւորուեց կրթութեան ազգային ինստիտուտը, որը սկսեց զբաղուել ռազմավարական լուծումների մշակմամբ.
-դպրոցներում վերականգնուեցին ռազմագիտութիւն, ազգային դիմագծի ձեւաւորման համար կարեւոր առարկաներ, ինչը խիստ անհրաժեշտ էր ազգային կրթական համակարգի ձեւաւորման համար.
-կտրուկ բարձրացաւ ուսուցիչների աշխատավարձը, ձեւակերպուեցին դրոյքների, դասարանների խտութեան չափորոշիչները.
-գիտութեան մէջ ֆինանսաւորման աւանդական ձեւաչափի հետ զարգացաւ թեմատիկ ֆինանսաւորման առաջադէմ ձեւը.
-բարձրագոյն կրթութեան մէջ սկսուեցին հիմնախնդիրների գոյքագրման եւ եւրոպական մասնագիտական կրթութեան չափանիշներին նախապատրաստելու աշխատանքները:
Պաշտօնավարման Տարիներ՝ 2001թ. Նոյեմբեր-2003թ. Յունիս
Շարունակելով նախարար Է.Ղազարեանի բովանդակային փոփոխութիւնների քաղաքականութիւնը՝ մշակուեց ազգային կրթակարգը, որն իր տեսակի մէջ առաջինն էր տարածաշրջանում: Վրաստանը միայն տարիներ անց իրականացրեց նման ծրագիր: Ծրագիրն ուղղուած էր հանրակրթական դպրոցների որակի բարձրացմանը եւ հաւասար հնարաւորութիւնների ստեղծմանը մեծ ու փոքր, քաղաքային եւ մարզային դպրոցների համար: Հիմնական շեշտադրում էր կատարուած ազգային դաստիարակութեան համար անհրաժեշտ առարկայախմբերի առկայութեանը, ներմուծուած էր քաղաքացիական եւ իրաւական կրթութեան առարկայախումբը:
Գործադրուեց ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համալիր ծրագիրը:
-Վերականգնուեցին շատ նախնական եւ միջին մասնագիտական կրթական հաստատութիւններ:
-Project Harmony կազմակերպութեան հայկական ներկայացուցչութեան հետ սկսուել էր փորձնական ծրագիր՝ շուրջ 150 դպրոց համակարգչայնացնելու եւ ցանցային կապով կապելու ուղղութեամբ: Այդ հիմքով բանակցութիւններ սկսուեցին Համաշխարհային բանկի հետ ապագայ վարկային ծրագրի շուրջ, որի ժամանակ մշակուեց եւ իրականացուեց Հայաստանի հանրակրթական դպրոցների համալիր համակարգչայնացումի եւ ցանցի ձեւաւորման մեծ նախաձեռնութիւնը:
-Հիմնուեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) եւ սկսուեց դպրոցները համակարգիչներով ապահովելու ծրագրի իրագործումը: Վարկային ծրագիրն իրականացուեց յաջորդ նախարար Ս. Երիցեանի պաշտօնավարման ընթացքում եւ արձանագրեց լուրջ արդիւնքներ:
-Այս շրջանում էր, որ կրթական համակարգը պահպանման տրամաբանութիւնից անցում կատարեց զարգացման եւ եւրոպական կրթական համակարգում ներառուելու՝ յաւակնոտ խնդրի կատարմանը:
-Հայաստանում սկսուեցին աշխատանքներ բարձրագոյն կրթական համակարգը եւրոպական չափորոշիչներին մօտեցնելու եւ եւրոպական մասնագիտական կրթական դաշտի մէջ ընդգրկուելու ուղղութեամբ: Մենք պիլոտային (փորձարարական-Խմբ.) մակարդակով մաս կազմեցինք համաեւրոպական մի քանի ծրագրերի:
Պաշտօնավարման Տարիներ՝ 2006թ. Մայիս-2008թ. Յունիս
-Երկրում իրականացուել էր երկրորդ վարկային ծրագրի մեծ մասը: Ընդունուել էին կրթական մի շարք ոլորտներ կանոնակարգող օրէնքներ: Մենք մաս էինք կազմել Բոլոնիայի համաեւրոպական գործընթացին, ներդրուել էր բարձրագոյն կրթութեան եռաստիճան համակարգը:
-Հիմնական նպատակ էր դարձել երկիրը նախապատրաստել կր-թական որակի նոր չափանիշների ընդունմանը եւ կրթական արդիւնքների ճանաչմանը միջազգային մակարդակով:
-Աւարտուեց բուհական ընդունելութեան քննութիւնները նախարարութիւնից անկախ իրականացնելու ծրագիրը: Գիտելիքների թեստաւորման (ստուգումի-Խմբ.) կենտրոնը սկսեց լիարժէք աշխատել: Յետագայում այս կենտրոնը տեղափոխուեց վարչապետի աշխատակազմ:
-Ձեւաւորուեց կրթութեան որակի ապահովման անկախ կենտրոնը, որն իր հետեւողական աշխատանքի շնորհիւ այսօր լիարժէք ճանաչուած է ամենահեղինակաւոր միջազգային կառոյցների կողմից:
-Մշակուեց որակաւորումների ազգային շրջանակը, ինչը հնարաւոր դարձրեց ՀՀ կրթութեան որակի ճանաչումը միջազգային մակարդակով:
-Լիարժէք սկսեց աշխատել կրթական վիճակագրութեան համակարգը ՀՀում, եւ այն ստացաւ բարձր գնահատական մեր միջազգային գործընկերների կողմից:
-Սկսուեցին աշխատանքներ Հայաստանում աւագ դպրոցների ձեւաւորման ուղղութեամբ: Աւագ դպրոցների ցանցը պէտք է ապահովեր կրեդիտային (վարկաւորուած-Խմբ.) համակարգի լիարժէք ներդրումը կրթական համակարգում եւ դիւրացնէր հանրակրթութիւն-բակալաւրիատ (բակալորիա-Խմբ.) անցումը: Ծրագրի համար ընտրուեց փորձնական դպրոցների խումբ: Քաղաքականութեան իմպլեմենտացիան (գործադրումը-Խմբ.) սկս-ուեց 2008թ.ից յետոյ:
Պաշտօնավարման Տարիներ՝ 2016թ. Փետրուար-2018թ. Ապրիլ
Պաշտօնավարման այս շրջանում կրթագիտական համակարգի առջեւ ծառացած էին որակապես այլ հիմնահարցեր: Նոր՝ ժամանակակից աշխարհին բնորոշ կրթակարգի կառուցումը, համալսարանական կրթութեան որակի, միջազգային վարկանիշային ցանկերում ներառուելու հրամայականը, գիտութիւն, կրթութիւն եւ աշխատաշուկայ գործնական եւ կիրառելի մոդելի (տիպի-Խմբ.) ձեւաւորումը կարեւոր նպատակներ էին եւ շարունակում են մնալ նաեւ այսօր: Կատարուել էր մեծ աշխատանք: Հայաստանում էր գումարուել եւրոպական բարձրագոյն կրթութեան համակարգի ամենահեղինակաւոր համագումարներից մէկը: Ընթացք էր տրուած «Հորիզոն-2020» գիտական խոշորագոյն ծրագրին անդամակցելու գործընթացին: Սկսուել էր բարձրագոյն կրթութեան նոր օրէնքի մշակման աշխատանքը: Սկսուել էր աւագ դպրոցների վերանորոգման համալիր ծրագիրը, ընտրուել էին համապատասխան դպրոցները:
-Մշակուեց կրթութեան նոր ռազմավարութիւնը, սկուեց նոր կրթակարգի ձեւաւորումը:
-Մշակուեցին փոքր դպրոցների կառավարման, հեռավար կրթութեան ներդրման ծրագրեր:
-Աւարտուեց դպրոցական էլեկտրոնային գրադարանի ձեւաւորումը:
-Տարածքային կառավարման նախարարութեան հետ մշակուեց դպրոցների ֆինանսաւորման նոր կարգը:
-Մեծ յաջողութիւն էր ՀՀ միջնակարգ կրթութեան աւարտական վկայականների միջազգային ճանաչումը, այդ թւում՝ մի շարք առաջաւոր եւրոպական երկրների կողմից:
-Մշակուեց ընդունելութեան քննութիւնների գործող համակարգի բարելաւման ծրագիրը, որի հիմքում ընկած է ուսանողի՝ տարուայ ընթացքում մէկից աւելի անգամ քննութիւն յանձնելու փորձ կատարելու եւ քննական արդիւնքներից յետոյ բուհը ընտրելու իրաւունքը:
-Մշակուեց հանրակրթութեան ապաքաղաքական ինքնավար կառավարման մոդելը, որով արմատապէս բարեփոխուելու էր դպրոցական խորհուրդների աշխատանքը:
-Մշակուեց առաջին դասարանների էլեկտրոնային ընդունելութեան ծրագիրը:
-Ուսուցիչների սոցիալական վիճակի արմատական բարելաւման եւ վերապատրաստումների որակական նոր չափանիշների ներդրման համար ֆինանսական աջակցութեան պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց մեր եւրոպական գործընկերների հետ:
-Բնագիտական առարկաների նոր ստանդարտների կիրառման եւ կրթութեան ազգային ինստիտուտի բարեփոխման համար, ինչպէս նաեւ Հայաստանի մարզերից մէկում հանրակրթական քլաստերի (համախմբում-Խմբ.) ձեւաւորման նպատակով պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց Եւրամիութեան հետ՝ 2018թ.ի կէսերից սկսել յստակ ազգային ծրագիր, որը մանրամասնօրէն մշակուեց եւ հաստատուեց համատեղ ջանքերով:
-ՌԴ գործընկերների հետ աշխատանքի արդիւնքում «Դպրոցական սնունդ» ծրագիրը մեծ ֆինանսաւորում ստացաւ:
-Մշակուեց «Ուսուցիչ» ծրագիրը, որը հնարաւորութիւն կը տայ լաւագոյն ուսուցիչներին իրենց գիտելիքները հաստատելու ճանապարհով ստանալ մինչեւ 300,000 ՀՀ դրամ աշխատավարձ:
-Մշակուեց բարձրագոյն կրթութեան մասին օրէնքի նախագիծը եւ բարձրագոյն կրթութեան համալիր բարեփոխումների ծրագիրը: Ընդառաջելով մեր խնդրանքին՝ Համաշխարհային բանկը, իր միջոցների հաշուին, բարձրագոյն կրթութեան օրէնքի մշակման համակարգի կառավարման նոր մոդելի ձեւաւորման համար ներգրաւեց աշխարհի լաւագոյն մասնագէտներից կազմուած աշխատանքային խումբ: Բարձրագոյն կրթութեան մասին օրէնքի նախագծում ներառուեցին խիստ կարեւոր սկզբունքներ: Մասնաւորապէս՝ ուսանողների կրթութեան ձեւը եւ տեւողութիւնը ընտրելու իրաւունքի մեծացում, ազատ տեղաշարժի եւ ֆինանսաւորման արդի համակարգերի ներդրում, հեռակայ ուսուցման վերափոխում, հայոց լեզուի պարտադիր քննութեան նորմի ամրագրում, մասնագիտական եւ ծրագրային հաւատարմագրման համակարգի ներդրում եւ այլն:
-Գիտութեան եւ բարձրագոյն կրթութեան բնագաւառում սկսուեցին մշակումները երկու գիտակրթական քլաստերների (համախումբերու-Խմբ.) ձեւաւորման ուղղութեամբ (բնագիտական եւ հայագիտական), երբ մագիստրանտը հնարաւորութիւն էր ունենալու իր կրեդիտները հաւաքելու բարձրագոյն կրթական հաստատութիւնում, գիտական ինստիտուտում եւ բիզնեսը ներկայացնող հաստատութիւնում՝ իր կրթավճարի շրջանակներում: Նաեւ նախատեսւում էր, կառավարութեան յատուկ որոշմամբ, բնագիտական եւ հայագիտական որոշ մասնագիտութիւնների համար կրթութիւնը դարձնել անվճար: Կատարուած էին անհրաժեշտ ֆինանսական հաշուարկներ:
-Գիտութեան բնագաւառում Հայաստանը լիարժէք անդամութեան կարգավիճակով անդամակցեց «Հորիզոն 2020» ծրագրին: Այս տարի ունեցանք ֆինանսաւորման առաջին կարեւոր արդիւնքները:
Այս ծրագրերից շատերը ներկայումս իրագործման փուլում են:
Վերջում մի կարեւոր եզրահանգում՝ կրթական բարեփոխումների յաջողութեան գրաւականը աշխատանքների շարունակականութեան մէջ է: Շարունակականութիւն, որն ընդունակ է յենուելու նախկին դրական փորձի վրայ եւ առաջարկելու նոր՝ առաւել կատարելագործուած զարգացման մակարդակ:
Յ.Գ.- Այնուհանդերձ, եթէ կրթութեան շուրջ ներկայումս նկատուող դիսկուրսը (քննարկումը-Խմբ.) տեղափոխուի բովանդակային դաշտ, կը ցանկանայի կատարել մի շարք հարցադրումներ, որոնք էութեան մէջ ռազմավարական են, եւ սրանց պատասխաններից է կախուած կրթական քաղաքականութեան ուղղութիւնը: Բնականաբար, հարցադրումները կատարւում են՝ իմ աշխարհընկալումից ելնելով:
comments
Ժամանակաւոր Պարտութիւններու Էջը Փակած Ենք
Քաջութեամբ ու Վճռականութեամբ Պիտի Դիմակայենք Մեր Դէմ Ծառացած Մարտահրաւէրները
Australia Live By Armenia Media: Տոքթ. Ստեփան Քրքեաշարեան
Խմբագրական. 1918-2024՝ Սրբազան Պայքարը Կը Շարունակուի
Տէր Ենք Մեր 108 Ամեայ Յանձնառութեան
Զօրակցութեան յայտարարութիւն Ազատ Արցախի Հանրապետութեան
Ազգի ու հայրենիքի մերօրեայ վիճակը օրհասական է, յեղափոխական կամք պէտք է